ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոչ (հայ պատմաբաններին, փաստաբաններին, ուսուցիչներին, ծնողներին ու բոլոր մտահոգ քաղաքացիներին)

Կոչ (հայ պատմաբաններին, փաստաբաններին, ուսուցիչներին, ծնողներին ու բոլոր մտահոգ քաղաքացիներին)
23.11.2023 | 10:47

Սույն կոչով ցանկանում եմ անդրադառնալ հանրության շրջանում լայն քննարկում ստացած 7-րդ դասարանի պատմության դասագրքի հետագա ճակատագրին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր մասնագետներ ներկայացրել են իրենց եզրակացությունները, հիմնավոր կերպով փաստելով դասագրքում առկա ակհայտ թերություններն ու խոցելի կողմերը։

Այդ քննադատությունն արվել է տուրք չտալով պոպուլիստական գործելաոճին և բացարձակ ապաքաղաքական բնույթ է կրել։ Միաժամանակ մերժվել են հանրային քննարկումների ու բանավեճի ընթացքում տեղ գտած ատելության լեզվի կիրառումը, ծայրահեղ կոչերն ու հայտարարությունները։

Դասագրքի հեղինակին մի քանի անգամ հնարավորություն է տրվել իր տեսակետները ներկայացնել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ այդպիսի հնարավորություն չընձեռելով հակառակ կարծիք ունեցող և դասագրքի բովանդակությունը գիտական քննադատության ենթարկող մասնագետներին։ Ակնհայտ է նաև շահերի բախման մի քանի դրսևորումներ։

Այս հիմնախնդրի շուրջ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության դիրքորոշումը բացարձակ չի նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը՝ միակողմանի, ոչ համոզիչ ու անպատասխանատու գործելաոճի պատճառով։ Նախարարությունը նպատակահարմար չի համարել անգամ շահագրգիռ քննարկում անցկացնել այս հարցի շուրջ՝ ակնհայտորեն տապալելով դասագիրքը փորձաքննության ենթարկելու կարևորագույն փուլը։ Արդյունքում ստեղծվել է այս հիմնահարցը փակուղի մտցնելու իրական վտանգ։

Արժևորելով հանրային շահի գերակայությունը, մեր երեխաներին իրենց հայրենիքի ու ժողովրդի պատմությունն ու մշակույթը գրագետ ու անխոցելի բովանդակությամբ դասագրքերի միջոցով կրթելու ռազմավարության կարևորությունը, ցանկանում եմ հանդես գալ հանրային կոչով՝ Համադրող մարմին ստեղծելու համար։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐԱՀԻՆ ՔԱՐՏԵԶ

ՔԱՅԼ 1

Առաջին փուլով ստեղծվում է Համադրող մարմին՝ մանկավարժների, պատմաբան-մասնագետների ու փաստաբանների մասնակցությամբ՝ կամավոր ինքնաառաջադրման սկզբունքով։ Առաջնահերթությունը կտրվի այն մասնագետ-գիտնականներին, ովքեր գրավոր տեսակետ են ներկայացրել դասագրքի բովանդակության շուրջ։

ՔԱՅԼ 2

Համադրող մարմինը կազմում է մեկ ընդհանուր գրախոսական ու մասնագիտական եզրակացություն դասագրքի վերաբերյալ, որը կտպագրվի առանձին գրքույկով՝ ուսուցիչներին ու շահագրգիռ անձանց տրամադրելու համար։

ՔԱՅԼ 3

Այս գրախոսությունը կտրամադրվի փաստաբաններին՝ ընդդեմ ԿԳՄՍ-ի ընդհանուր հայցադիմում ներկայացնելու համար։ Հիմնական պահանջներն են՝ դասագրքի հետկանչը, դրա խոտանումը և պետությանը հասցված վնասի փոխհատուցումը։

Որպես անշահախնդրության դրսևորում, Համադրող մարմնի անդամները ԿԳՄՍ նախարարության հետ կարող են քննարկել դասագրքերի նախապատրաստման փուլում անհատույց խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

Առաջարկում եմ աշխատանքների սկիզբը սկսել ս/թ դեկտեմբերի 1-ին, իսկ դեկտեմբերի 10-ին ամբողջացնել ընդհանուր գրախոսականի տեքստը։

Սպասում ենք, որ կարձագանքեն նաև փաստաբաններ՝ այս նախաձեռնությանը հանրային հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 7347

Մեկնաբանություններ